• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր

21 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 21-ին, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնը Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության հետ համատեղ և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, անցկացրել է «ՕՌԱ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումը՝ քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ բաղադրիչներով:

Հայաստանից միջոցառմանը մասնակցել է 40 հոգանոց պատվիրակություն, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պ. Հովհաննիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Խոջոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Գլխավոր տնօրեն Լ. Օհանեսյանը, Սյունիքի մարզպետ Ռ. Ղուկասյանը, Սյունիքի 6 խոշորացված համայնքների ղեկավարները, ՀՀ էներգետիկ ոլորտը ներկայացնող ձեռնարկությունների ղեկավարներ:

Ֆրանսիական կողմից մասնակցել են Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Նիկոլա Դարագոնը (Վալանսի քաղաքապետ), ռեգիոնի նախկին նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, հանրապետականների խմբակցության նախագահ Լորան Վոքյեն, ՕՌԱ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը, երկու փոխնախագահները (Ֆ. Մյոնիե, Թ. Կովաքս), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Վիենն, Մոնտելիմար, Սեն-Շամոն, Բրոն, Պույ-ան-Վըլե, Մորնան քաղաքների քաղաքապետերը, «Le Figaro Magazine»-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բուիսոնը, Մերիո հիմնադրամի նախագահ Ալեն Մերիոն, Veolia Paris, NEPSEN Energie, AURA Entreprises, Tenerrdis, Bpi France Auvergne-Rhône-Alpes, Nuclear Valley ընկերությունների ղեկավարներին և էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչները:   

Միջոցառումը սկսվել է տնտեսական բաղադրիչով, որին մասնակցել է մոտ 200 անձ: Ներկայացվել են Հայաստանի տնտեսական և ներդրումային  քաղաքականությունը և օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի գրավչությունը, գործնական կապերի սկիզբ է դրվել: Ներածական խոսքով հանդես են եկել ՕՌԱ ռեգիոնի միջազգային հարաբերությունների հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Մյոնիեն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Վերջինս ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը և արդյունքները, ինչպես նաև հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններն ու դրա հեռանկարները: Հայաստանում արդեն իսկ գործող ֆրանսիական ձեռնարկությունների հաջողված փորձը ներկայացրել են Veolia Paris-ի Կովկասի և կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Ֆրանսուա Լաֆորեն և NEPSEN Energie-ի ներկայացուցիչ Մանոն Դ'Օտհյուլը: ՕՌԱ ռեգիոնի և Հայաստանի տնտեսական գրավչության ներկայացմամբ՝ Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի (Entreprise Armenia) ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանը և ՕՌԱ ձեռնարկությունների տնօրենների խորհրդի նախագահ Ֆրանկ Կոլկոմբեն: Կլոր սեղանի քննարկմանը մասնակցել են՝ հայկական կողմից՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ով ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտը և Ֆրանսիայի հետ համագործակցության հեռանկարները, Ներդրումների աջակցման կենտրոնի Գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, AMBER CAPITAL-ի տնօրեն Կարեն Արաբյանը և R2E2 հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ֆրանսիական կողմից՝ ՕՌԱ-ի բնապահպանության և էկոլոգիայի հարցերով փոխնախագահ Թիերի Կովաքսը, TENERRDIS-ի (ՕՌԱ ռեգիոնի էներգետիկ զարգացման մրցունակության կազմակերպություն) միջազգային զարգացման պատասխանատու Ինգրիդ Միլսենտը, Bpi France-AURA (ՓՄՁ ֆինանսավորման պետական հիմնադրամ) միջազգային զարգացման պատասխանատու Մարեկ Վոդան, Nuclear Valley-ի տնտեսական զարգացման տնօրեն Ժան-Ֆիլիպ Բալլան: Կոնֆերանսի հիմնական մասի ավարտից հետո, տեղի են ունեցել ձեռնարկությունների միջև անհատական շփումներ: Կլոր սեղանին մասնակցող ընկերություններից բացի, միջոցառմանը մասնակցելու նպատակով Լիոնում էին գտնվում Ecoville, Solis, Solaron, ContourGlobal Hydro Cascade ընկերությունների ղեկավարները և ներկայացուցիչները:     

Քաղաքական բաղադրիչին մասնակցել է մոտ 700 անձ: Ելույթով հանդես են եկել. Ֆրանսիայի կառավարության անունից՝ Ֆրանսիայի ներքին գործերի լիազոր նախարար, Վալանսի քաղաքապետ, ՕՌԱ ռեգիոնի փոխնախագահ Նիկոլա Դարագոնը, Հայաստանի կառավարության անունից՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի» միջգերատեսչական աշխատանքային խմբի նախագահ Պարույր Հովհաննիսյանը: Վերջինս մասնակցել է նաև քաղաքական կլոր սեղանին՝ ՕՌԱ ռեգիոնի ներկա և նախկին նախագահների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի և Սյունիքի մարզպետի, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրերի՝ «Le Figaro» օրաթերթի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի և Merieux հիմնադրամի նախագահ Ալեն Մերիոյի հետ: Մատնանշվել են Հայաստանի և հատկապես Սյունիքի մարտահրավերները, խոսվել է տարածաշրջանի իրավիճակի մասին, վերահաստատվել է Ֆրանսիայի և ՕՌԱ ռեգիոնի աջակցությունը:

Ինստիտուցիոնալ բաղադրիչին մասնակցել է մոտ 700 անձ: ՕՌԱ-Սյունիք համագործակցության առավել ամրապնդման և խորացման նպատակով, ռեգիոնը նախաձեռնել է «Մեկ քաղաք՝ մեկ համագործակցություն» ծրագիրը, որի արդյունքում նոյեմբերի 21-ին Լիոնում ամբողջացավ ՕՌԱ-ի և Սյունիքի 7 քաղաքների միջև համագործակցությունը՝ Վիենն-Գորիս 30-ամյա  համագործակցության փորձի հիման վրա, ինչով էլ բացատրվում է Վիենն քաղաքի կողմից ծրագրի կոորդինացումը: Ելույթով հանդես են եկել՝ ՕՌԱ ռեգիոնի ներկա և նախկին նախագահները, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը և Սյունիքի մարզպետը և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը, տեղի է ունեցել ՕՌԱ ռեգիոնի 6 քաղաքների և Սյունիքի մարզի 6 խոշորացված համայնքների միջև համագործակցության պայմանագրերի ստորագրման արարողությունը:

Տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պ. Հովհաննիսյանը, Սյունիքի մարզպետ Ռ. Ղուկասյանը, ՕՌԱ-ի ներկա և նախկին նախագահներ Ֆ. Պանկուկը և Լ. Վոքյեն: Հայտարարվել է առաջիկա տարիներին Հայաստանում և Սյունիքում ռեգիոնի կողմից իրականացվելիք ծրագրերի մասին:

Առանձին ծրագրով տեղի է ունեցել Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Բաբայանի այցը, ով հանդիպումներ է ունեցել Լիոնի պետական հիվանդանոցի ինժեներա-տեխնիկական թիմի ղեկավարության և Croix-Rousse հիվանդանոցի բժշկական սարքավորումների գնահատման, զննման և վերականգնման կենտրոնի տնօրինության հետ՝ բժշկական սարքավորումների վերանորոգման ֆրանսիական փորձը ՕՌԱ ռեգիոնի օգնությամբ Հայաստանում ներդնելու նպատակով:

Ի տեղեկություն. ՕՌԱ-Սյունիք համագործակցության համար 2023թ. հունվարից մինչև 2024թ. նոյեմբեր հատկացված գումարը կազմում է 573.064 եվրո, այդ թվում՝ առողջապահական (Santé Arménie, Humatem, UMAF), գյուղատնտեսական (TERO), տուրիզմի (AFRAT), քաղաքների քույրացման ոլորտներում: Սյունիքի հետ համագործակցությունից բացի ռեգիոնը ֆինանսավորում է այլ ծրագրեր ևս, օրինակ՝ տեխնոլոգիական ոլորտում վերապատրաստում (FAARALP), Ֆրանսիայում UFAR-ի ուսանողների պրակտիկան (UGAB), երաժշտական փոխանակման միջոցառումներ կազմակերպելու համար: Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնը նաև Երևանում ֆրանսիական համալսարանի հիմնական գործընկերներից է:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: