• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գորիսում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը

04 հունիսի, 2025

Հունիսի 2-3-ին Գորիսում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որը համատեղ կազմակերպվել էր Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի միավորված համայնքների (CUF), Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Գորիսի համայնքապետարանի կողմից։

Համաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանի համայնքների միության գլխավոր քարտուղար Էմին Երիցյանը և Ֆրանսիայի միավորված համայնքների Հայաստան խմբի նախագահ, Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնիա Զդորոֆցովը։

«Ինչպիսի՞ն է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում» թեմայով լիագումար նիստին ելույթ ունեցան ՀՀ ԱԺ Հայաստամ-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆաբրիս Պանկուկը (հեռավար), Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան օլիվիե Դըկոտինյին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչ Օլգա Կուկուին, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:     

Ավելի քան 400 մասնակիցների, այդ թվում՝ Հայաստանի և Ֆրանսիայի տարածքային միավորների, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության հիմնական դերակատար կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, երկօրյա համաժողովի շրջանակներում անցկացվեցին մեկ լիագումար նիստ, չորս թեմատիկ աշխատաժողով, աշխատաժողովների աշխատանքների ամփոփման հանդիպում, եզրափակիչ նիստ, ինչպես նաև՝ տեղի ունեցան այցելություններ երկու երկրների ապակենտրոնացված համագործակցության առանցքում գտնվող մի շարք վայրեր:

Լիագումար նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցության հատուկ դերակատարմանը: Համաժողովի չորս թեմատիկ աշխատաժողովները վերաբերում էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը, տարածքների տնտեսական զարգացմանը, կրթության, մշակույթի, ֆրանկոֆոնիայի, մասնագիտական ուսուցման, երիտասարդության և կամավորության, ինչպես նաև տեղական կառավարման հարցերում կանանց դերի խթանմանը, ֆեմինիստական դիվանագիտությանն ու քաղաքացիական մասնակցությանը:

Համաժողովի ավարտին ընդունվեց եզրափակիչ հայտարարություն, որով Ֆրանսիան վերահաստատեց Հայաստանի կողքին լինելու իր մշտական հանձնառությունը և ընդգծեց իր շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքների դիմակայունության ամրապնդմանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության պահպանմանը՝ միջազգային իրավունքին և սկզբունքներին համաձայն։

Ըստ եզրափակիչ հայտարարության՝ այդ աջակցությունը մասն է կազմելու նաև Հայաստանի և Ֆրանսիայի տարածքային միավորների միջև գործակցությունների` խթանելով տարածքների կայուն զարգացումը, ինչպես նաև ամրապնդելով տեղական մակարդակով կարողություններն ու ժողովրդավարական ինստիտուտները։ Կողմերը համաձայնել են նոր թափ հաղորդել ապակենտրոնացված համագործակցությանը, բարձրացնել ապակենտրոնացված համագործակցության արդյունավետությունը և այն դարձնել ավելի տեսանելի, մասնավորապես՝ ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներում։ Մասնակիցները համաձայնել են ընդլայնել համատեղ ծրագրերը տնտեսության, գյուղական և գյուղատնտեսական զարգացման, զբոսաշրջության, ինչպես նաև կրթության, ֆրանկոֆոնիայի, երիտասարդության և այլ ոլորտներում։ Ծրագրերը կհասցեագրեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները, ովքեր ապաստանել են Հայաստանում։

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ՝ վեցերորդ համաժողովը կկազմակերպվի 2028/2029թթ. Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։

Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնից Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցեցին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնը, Իզեր դեպարտամենը, Լիոնի մետրոպոլիան, Լիոն, Դեսին-Շարպիո, Վիենն, Բրոն, Մորնան, Սեն-Շամոն, Մոնտելիմար, Պույ-ան-Վըլե, Վալանս, Բուրգ-լե-Վալանս, Պրիվա, Գրենոբլ քաղաքների բարձրաստիճան պատվիրակությունները: 

Համաժողովի նախորդող օրերին, տեղի ունեցավ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցելությունը Հայաստան: Ռեգիոնի նախագահի պատվիրակությանն ընդունեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևորեց Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ երկօրյա համաժողովի դերն ու նշանակությունը՝ այն որակելով որպես կենսունակ հարթակ՝ համայնքայն մակարդակում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրագործման համար։ Կարևորվեց Ֆրանսիայի կառավարության, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ղեկավարության և Սենատի բարեկամական խմբի՝ Հայաստանի հանդեպ դրսևորվող կայուն աջակցությունն ու համերաշխությանը՝ ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։

ՀՀ նախագահը ապակենտրոնացված համագործակցության կարևորագույն կողմերից նշեց այն, որ արդեն իսկ իրականացվել են մի շարք շոշափելի ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում։ Ծրագրերը ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտները և, ամենակարևորը՝ նպաստում են տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը:

Պատվիրակությունն այցելեց Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Հայ-ֆրանսիական մասնագիտական կրթության կենտրոն, Հայոց ցեղասպանության հուշահամալիր:  

Ռեգիոնի նախագահը հայտարարեց Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի կողմից  Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր շենքի վերանորոգման համար 1.5 միլիոն եվրո տրամադրելու մասին:

ՀՀ իրավասու պաշտոնյաների հետ քննարկեցին խաղողագործության և գինու տուրիզմի զարգացման հարցերը:

Հունիսի 2-ին Գորիսում տեղի ունեցավ Սյունիքի մարզի երեխաների համար նախատեսված և ռեգիոնի ֆինանսավորմամբ ստեղծված շարժական ատամնաբուժական ավտոբուսը շահագործման հանձնելու արարողությունը:

Համաժողովի օրերին և դրանից հետո տեղի ունեցան Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքների պատվիրակությունների հանդիպումներ Գորիսում և/կամ քույր քաղաքներում:      

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: